Էկվադորի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի - RadioVan.fm

Онлайн

Էկվադորի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի

2022-06-23 16:37 , Политика, 833

Էկվադորի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի

ՀՀ կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ Էկվադորի Հանրապետության քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Այն կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Էկվադորի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է ՀՀ և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով:

Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։

Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում: Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։ Էկվադորի հետ վիզային ռեժիմի վերացումը հաջորդական կարևոր քայլ է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով:

Лента

Рекомендуем посмотреть