Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ևAir Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։
Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։
Ավիաընկերությունից նշում են, որ մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։
Fly Arna-ի մասին
Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ FlyArna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն ևցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։