Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է կառույցի «քաղաքական կոռեկտության», մարդկային ճակատագրին ընտրողաբար վերաբերվելու մասին - RadioVan.fm

Онлайн

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է կառույցի «քաղաքական կոռեկտության», մարդկային ճակատագրին ընտրողաբար վերաբերվելու մասին

2022-06-21 17:56 , Политика, 132

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է կառույցի «քաղաքական կոռեկտության», մարդկային ճակատագրին ընտրողաբար վերաբերվելու մասին

«Ինձ թվում է՝ մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար և շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Այս վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս՝ մենք թույլ ենք տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարևոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ»,-այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Գևորգյանը, նշելով, որ անցած տասնամյակների ընթացքում այդ կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը և ժողովրդավարական պետականության համար այլ կարևոր խնդիրներ, ընդգծել է, որ, այդուամենայնիվ, չի հաջողվել անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:

«Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում և ազատ վաճառում շուկայում: Երբևէ չեմ լսել, որ որևէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի և փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Պարո՛ն նախագահ, մեր կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ և ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որևէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ:

Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն և բանաձևեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները՝ ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել:

Պարոն նախագահ, այս բոլոր խնդիրները բարձրաձայնում եմ միայն մեկ նպատակով՝ նպաստելու մեր կազմակերպության զարգացմանը և այն ավելի հարմարեցնելու մեր փոթորկված աշխարհին: Կարծում եմ՝ հարգանքի, վստահության և երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող ենք մեր կազմակերպությունը դարձնել միջազգային համագործակցության եւ ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում»,-ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Գևորգյանը:

Лента

Рекомендуем посмотреть