Ամբոխի կառավարման դասընթացների բացակայություն, ոստիկանության համար անբավարար ուղղորդում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի նստաշրջանում արդի մարտահրավերների մասին - RadioVan.fm

Онлайн

Ամբոխի կառավարման դասընթացների բացակայություն, ոստիկանության համար անբավարար ուղղորդում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի նստաշրջանում արդի մարտահրավերների մասին

2022-06-20 16:55 , Право, 958

Ամբոխի կառավարման դասընթացների բացակայություն, ոստիկանության համար անբավարար ուղղորդում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի նստաշրջանում արդի մարտահրավերների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանն այսօր տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:

Իր ուղերձում Պաշտպանն անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին:

Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։

ՄԻՊ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Գրիգորյանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը:

Лента

Рекомендуем посмотреть