«2018թ.-ին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021թ. վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերկայության ապահովման և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից: Հայաստանը վճռականորեն առաջ է շարժվելու բարեփոխումների իր օրակարգով և այդ ճանապարհն անցնելու է՝ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ»,-այդ մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունում ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանիը։
Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ.-ին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:
«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից:
Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։
«Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի եննաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը:
Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,-հավելել է Արարատ Միրզոյանը: