ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումներրի կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նշված պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես․
- Որևէ արվեստագետի, մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:
- Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
- Փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում:
- Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:
- «Արվեստի վաստակավոր գործիչ» և «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:
Օրենքի նախագծի քննարկումը իրավական ակտերի e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 30-ը:
Հավելենք, որ ընդունվելու դեպքում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա և չի վերաբերի մինչ այդ տրված կոչումներին:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ռաբիս երգիչներին տրված վաստակավորի կոչումները հետ վերցնելու հավանականության և նոր նախագծի մասին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է․
«Մշակութային գործիչների իրական գնահատականը տալիս է հանդիսատեսը, իրական գնահատականը տրվում է ժողովրդի, երկրպագուների կողմից: Չեմ կարծում, որ արժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ի վերջո, վկայականով չի որոշվում՝ դու ժողովրդակա՞ն արտիստ ես, թե ոչ։ Ժողովրդականը նա է, որ նույնիսկ կասկած չի առաջանում, որ ժողովրդական է։ Նման անուններ մենք ունենք, դուք գիտեք, չարժե նույնիսկ մանրացնել այդ խոսակցությունը»։