2039 փոխադրամիջոցից կմնա 939-ը, 115 գծից՝ 42-ը. Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը պատրաստ է - RadioVan.fm

Онлайн

2039 փոխադրամիջոցից կմնա 939-ը, 115 գծից՝ 42-ը. Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը պատրաստ է

2018-01-18 15:52 , Общество, 1915

2039 փոխադրամիջոցից կմնա 939-ը, 115 գծից՝ 42-ը. Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը պատրաստ է

Այսօր կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում»,-ասել է Վահե Նիկոյանը՝ հատկանշական համարելով փաստը, որ շուրջ երեք անգամ կրճատվում է նախկինում իրավիճակային լուծումների հետևանքով ձևավորված առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը:

Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը»,-հայտնում են քաղաքապետարանից՝ հիշեցնելով, որ հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել։

Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։

Лента

Рекомендуем посмотреть