«Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը՝ հայտարարելով, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»,-դիտարկումն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում արել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ երեկ խորհրդարանում ունեցած ելույթին։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հանդես գալով եզրափակիչ ելույթով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել է նաև «խաղաղության օրակարգ»-ին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ իլյուզիաներ չունեն և տեսնում են, որ իրենց ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, և «խաղաղության օրակարգ»-ը իրենց ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է:
«Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, չնայած այն բանին, որ, ինչպես ասացի, հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ։․․․Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել՝ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»,-ընդգծել է Փաշինյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «եթե անվտանգության առումով երաշխքի չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, այդ մարդը մնում է այլևս՝ ի՞նչ անի»։
«Ակնհայտ է, որ Նիկոլն Ալիևի հետ ունի ժամանակացույց,պայմանավորվածություն երկիրը հանձնելու։ Ակնհայտ է, որ այս շարժման արդյունքում այդ ժամանակացույցն առնվազն խախտվել, բայց պրոցեսը վերջնականապես դադարեցված չէ։ Պրոցեսը կդադարի միայն սրանց հեռացնելուց հետո։ Քանի սրանք իշխանության են վտանգը կախված է մեր երկրի գլխին»,-ասել է ընդդիմադիր գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/videos/398731042024434