Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով:
«Մենք, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը և նրա ձևավորած կառավարությունը, դրսում և ներսում կեղծիքներով մեր իշխանությունը պաշտպանելու խնդիր չունենք: Որովհետև մենք մեր իշխանությունն ստացել ենք մեր ժողովրդից և պարտավոր ենք ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով»,-այդ մասին Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ իրենք խոսել, խոսում և շարունակելու են խոսել ճշմարտության լեզվով:
«Իսկ ճշմարտության լեզուն պահելու համար հարկավոր է, անհրաժեշտ է, որ կառավարությունը խուսափի բանակցային բովանդակության և հանրության հետ հաղորդակցության բովանդակության միջև անհաղթահարելի ճեղքեր առաջացնելու քաղաքականությունից: Եվ, իմիջիայլոց, իմ ելույթի քննադատության առանցքային թիրախը հենց սա է, երբ իրական, հետևողական և գիտակցաբար ճեղք է առաջացվել բանակցային բովանդակության և հանրության հետ այդ բանակցային բովանդակությունը կիսելու առումով:
Իրականությունը, իրողությունները որքան էլ դժվար ընկալելի լինեն, պետք է հասանելի դառնան հանրությանը: Այս է պատճառը, որ հանրայնացնում եմ նախորդ շրջանի ողջ բանակցային բովանդակությունը, որ բոլորին պարզ և հասկանալի լինի այն դաշտը, որում մենք գործել ենք և որում շարունակում ենք գործել: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ պիտի արձանագրեմ, որ վերը նշված փաստերն ու փաստարկները մեզ պիտի բերեն որոշակի հետևությունների: Ի՞նչ հետևություն ենք մենք արել: Այս մասին հայտարարել եմ դեռևս ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումներում՝ ասելով, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը: Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար:
Սա է իրականում այսօրվա հիմնական ասելիքը, սիրելի հայրենակիցներ, կամ ավելի ճիշտ, այն, ինչ բխում է սրանից»,-ասել է վարչապետը:
Իսկ այդ ասելիքը, ըստ Փաշինյանի, հետևյալն է․
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Այդ 2021 թվականի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Պարզվեց, կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է:
Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,-ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա:
«Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, չնայած այն բանին, որ, ինչպես ասացի, հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ: Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել՝ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն՝ հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, հայոց պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան Հայաստանի Հանրապետությունը և նրա պետական շահերը:
Եվ ուրեմն՝
կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:
Փա՛ռք մեր նահատակներին»,-եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ, տեսագրությունը՝ ստորև։