«Մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին»․ Փաշինյանը՝ պատերազմից հետո ընտրություններում հաղթելու «գաղտնիք»-ի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին»․ Փաշինյանը՝ պատերազմից հետո ընտրություններում հաղթելու «գաղտնիք»-ի մասին

2022-06-15 19:13 , Политика, 995

«Մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին»․ Փաշինյանը՝ պատերազմից հետո ընտրություններում հաղթելու «գաղտնիք»-ի մասին

«Այսօր շատերն են զարմացած, թե 2020 թվականի աղետալի պատերազմից հետո մենք, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես և ինչու կարող էր հաղթել ընտրություններում: Իսկ պատճառը մեկն է՝ մարդիկ տեսել են, և դա եղել է իրենց աչքի առաջ, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո մենք Ղարաբաղի հարցի հայկական բովանդակությունը փրկելու հուսահատ կռիվ ենք տվել, և մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը: Ու չնայած մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը, եթե ոչ տեղեկատվությամբ, առնվազն զգացողությամբ հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում»,-այդ մասին Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին․ «երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք կորցրեց և անառիկ համարվող տարածքներ: Դրանից առաջ ուղղաթիռ էր կորցրել, զոհերի հանգեցրած դիվերսիոն գործողություններ էին տեղի ունեցել»:

«2013-2015 թվականներին հրադադարի ռեժիմի ավելի քան 80 000 խախտում է եղել հայ-ադրբեջանական շփման գծում: 80 000 խախտում: Եվ նրանք սա անվանում են խաղաղություն: 1994-2018 թվականներին հազարավոր զինվորներ են զոհվել: Տարբեր պայմաններում: Եվ նրանք սա անվանում են խաղաղություն: Թե իբր խաղաղություն են ապահովել Հայաստանի ու Արցախի համար: Եթե նույնիսկ 1998-2018 թվականների ստատուս քվոն խաղաղություն համարենք, այդ խաղաղությունը նրանք չեն ապահովել, այլ աշխարհաքաղաքական իրադրությունը: Իսկ 2011-2014 թվականներին Սիրիայից մինչև Ուկրաինա տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումներն անխուսափելի դարձրին պայթյունը, փլուզումը: Բայց սա հետագայի և թերևս պատմության քննության նյութ է, որովհետև տեսանելի ապագայում տեղի ունեցածի մասին հնարավոր չի լինի բաց և շիտակ արտահայտվել»,-հավելել է Փաշինյանը, ով իր ելույթում ներկայացրել է ապացույցներ իր այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը, այսպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ «Դաշնակցությունը» Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»։

Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть