ՖԻՖԱ-ի աջակցությամբ ՀՀ-ում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ, կառույցը կշարունակի օժանդակել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը․ Փաշինյանն ընդունել է Ինֆանտինոյին - RadioVan.fm

Онлайн

ՖԻՖԱ-ի աջակցությամբ ՀՀ-ում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ, կառույցը կշարունակի օժանդակել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը․ Փաշինյանն ընդունել է Ինֆանտինոյին

2022-06-15 16:18 , Политика, 1078

ՖԻՖԱ-ի աջակցությամբ ՀՀ-ում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ, կառույցը կշարունակի օժանդակել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը․ Փաշինյանն ընդունել է Ինֆանտինոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ:

«Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ընդգծել է կառավարության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

Лента

Рекомендуем посмотреть