Հայաստանում կերակրի աղի արտադրության և իրացման ծավալները կտրուկ նվազել են, պատճառը հանրապետություն ներկրվող արդյունաբերական աղն է։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:
Տնօրենն ահազանգել է՝ ներկրված արդյունաբերական աղը, որը հիմնականում օգտագործվում է ձմռան ամիսներին սառցակալած ճանապարհների համար, ինչպես նաև՝ լվացքի փոշու, թղթի արտադրությունում, Հայաստանում վաճառվում է որպես կերակրի աղ: Տնօրենը չի բացառում, որ էժան և չստուգված աղն օգտագործվում է նաև սննդի արտադրության՝ հացի, մսամթերքի, պահածոների մեջ։
«Հայաստան ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում։ Այն հիմնականումներմուծվում է Իրանից: Այդ աղը սննդի մեջ օգտագործելու համար պիտանի չէ։Տեղյակ եմ, որ սահմանը հատելիս չի ստուգվում՝ արդյոք արդյունաբերական աղ է, թե ոչ, քանի որ դրանք բերվում են արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդյունաբերական աղի անվան տակ ներկրվող արտադրանքն օգտագործում են որպես կերակրի աղ»,-նշել է կոմբինատի տնօրենը։
Այս հրապարակումը որպես ահազանգ է գրանցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Տեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը լրատվականի հետ զրույցում ազնիվ չի համարել, որ «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը սլաքներն ուղղում է նաև ՍԱՏՄ-ի կողմ, քանի որ, նրա խոսքով, տեսչական մարմինը տեխնիկական աղի վաճառքի հետ կապ ունենալ չի կարող, այն վերահսկում է կերակրի աղը։
«Արեգ Ղուկասյանը պնդում է, որ տեխնիկական աղը վաճառվում է կերակրի աղի փոխարեն,բայց դա ասվում է առանց որևէ կոնկրետացման, իսկ դա մեզ համար հիմք լինել չի կարող։ Մենք չենք կարող բոլոր խանութներում վերահսկողություն իրականացնել։ Մեզ պետք են կոնկրետ փաստեր»,-ասել է ՍԱՏՄ խոսնակը՝ նշելով, որ զրուցել են «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի հետ և եկել են ընդհանուր համաձայնության, որ նա կոնկրետ փաստեր կներկայացնի։
«Տնօրենն ունի մտահոգություններ, որոնք ևս արդարացված են։ Իհարկե, հնարավոր է, որ կան ոչ ադեկվատ մարդիկ, որոնք կարող են տեխնիկական աղը վաճառել սննդային աղի փոխարեն։ Արեգ Ղուկասյանը համաձայնվեց, որ մենք պետք է ունենանք հստակ հասցեներ, թե որտեղ է նման աղ վաճառվում և եկանք համաձայնության, որ երբ նկատեն նման երևույթներ, այդ մասին ՍԱՏՄ-ին հասցեական կտեղեկացնեն, իսկ մենք հետագծելիությամբ կփորձենքհասկանալ, թե որտեղից է այդ աղը հայտնվում սննդամթերքի իրացման ցանցում, ինչու է այն վաճառվում որպես կերակրի աղ։ Այսպիսով, Արեգ Ղուկասյանը խոստացավ, որ ավելի կոնկրետ ինֆորմացիա կտրամադրի մեզ»,-ասել է Անուշ Հարությունյանը։