ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Արցախի եւ Հայաստանի խնդրով մտահոգ «Դիմադրություն» շարժումը, որը մայիսի 1-ից վրաններ էր տեղադրել Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ֆրանսիայի հրապարակում՝ փակ պահելով հարակից փողոցները, վաղվանից տարածքից կհանի վրանները։
«Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղ, հասցե, ինչպես նաև դիմադրության առաջին օջախը ձևավորելու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։ Ֆրանսիայի հրապարակն այլևս «Դիմադրություն» շարժմանն է պատկանում՝ անկախ նրանից՝ այստեղ վրաններ կլինեն, թե ՝ ոչ։ Այս ավանը լիարժեք կատարել է իր գործը։ Մենք առաջարկում ենք՝ վաղվանից հավաքենք մեր վրանները, բայց միշտ նկատի ունենալով, անհրաժեշտության դեպքում, ցանկացած հրապարակում, մենք կվերականգնենք վրանային ավան»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած հանրահավաքում հայտարարեց շարժման առաջնորդներից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունն ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, հարթակն ընդլայնելու և հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև են կանգնած։
«Հետևաբար՝ «Դիմադրություն» շարժման ղեկավարները որոշել ենք վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։ Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական կազմակերպչական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,-ասաց Սաղաթելյանը՝ մանրամասնելով, որ այսուհետ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ՝ կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր։
Հանրահավաքի մասնակիցներն այնուհետ երթ անցկացրին։ Երեւանի կենտրոնական փողոցներով։