Կատարում մեկ շաբաթ կցուցադրվի ՀՀ պատմության թանգարանի՝ հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող նմուշները - RadioVan.fm

Онлайн

Կատարում մեկ շաբաթ կցուցադրվի ՀՀ պատմության թանգարանի՝ հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող նմուշները

2022-06-14 17:59 , Культура, Шоу бизнес, 891

Կատարում մեկ շաբաթ կցուցադրվի ՀՀ պատմության թանգարանի՝ հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող նմուշները

Այսօր՝ հունիսի 14-ին, Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում:

Նախօրեին Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բին Ռաշիդ Ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։

Лента

Рекомендуем посмотреть