Արյան դոնորների համաշխարհային օրն է այսօր, որն անցնում է «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր» կարգախոսի ներքո։
2005 թվականին Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում՝ ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:
Օրը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար, ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը, բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը, խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմինը, այսօր կազմակերպել է դոնորության ակցիա, որին մասնակցել են բոլոր ցանկացողները, ինչպես նաև պաշտոնատար անձինք։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնից նշում են, որ, թեև մեր երկրում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը:
Նշվում է, որ, կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ և հետևելով օրվա խորհրդին, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը վաղ առավոտից արյուն է հանձնում:
«Կարևոր առաքելության մասնակիցները, հանձնելով շուրջ 450մլ արյուն, ինտեգրվեցին կամավոր սկզբունքով արյուն հանձնելու մշակույթի մե՝հույսով ու հավատով, որ հանձնված արյունը կծառայի իր նպատակին և կօգնի փրկել կյանքի համար կռիվ տվող բազմաթիվ հիվանդների:
Այս ակցիայի շրջանակում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվիկարիքավոր հիվանդներին»,-նշված է հաղորդագրությունում։
Ուռուցքաբանականից հիշեցնում են, որ կենտրոնում գործում է արյունաբանական կետ, որտեղ կարող եք դառնալ դոնոր, հանձնել արյուն և փրկել կյանք:
Արյունաբանական կետը դոնորներին ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 12:00: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. +37410205050, +37494965858, +37443885590
Հասցե․ ք․ Երևան, Ֆանարջյան 76
«Սեփական արյունը նվիրաբերելը դրա կարիքն ունեցողներին անշահախնդիր կամավորության դրսևորում է, որը պետք է լինի շարունակական»,-նշում են կենտրոնից։