Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը․ Փաշինյանը ցավակցագիր է հղել - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը․ Փաշինյանը ցավակցագիր է հղել

2022-06-13 13:12 , Культура, Шоу бизнес, 1208

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը․ Փաշինյանը ցավակցագիր է հղել

Այսօր՝ հունիսի 13-ին, 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

1980թ. Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 2003-ին՝ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Թբիլիսիում,1946-ին՝ տեղափոխվել Երևան, 1960-1964թթ․ սովորել գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն: 1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

Ռաֆայել Քոթանջյանը 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է 1-ին աստիճանի մեդալի:

Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղերձում ասված է․

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:

Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Лента

Рекомендуем посмотреть