««Միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարներին - RadioVan.fm

Онлайн

««Միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարներին

2022-06-10 16:31 , Политика, 758

««Միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարներին

«ՀԱՊԿ-ն մեր երկրների անվտանգության ապահովման ոլորտում կարևորագույն գործոններից է, և պետք է ցավով նշեմ, որ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ: Այս համատեքստում, կարծում եմ, պետք է սերտ համագործակցել, փոխանակվել տեղեկատվությամբ, իրավիճակի գնահատականներով՝ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և կառավարման համար նախատեսված մեխանիզմներն անհրաժեշտ պահին գործարկելու համար»,-այդ մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիին, Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ընդունելիս՝ իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը և ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

ՀՀ վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը:

Лента

Рекомендуем посмотреть