ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Ըստ այդմ՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում:
Օրինագծերով խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի (ԳՇ) պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Օրինագծերով հիմքեր են ստեղծվում նաև ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, 2020 թ. հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծերին, առանձնացրել է երկու կարևոր առանցքային դրույթ, որտեղէ
«Առաջինը, որ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Երկրորդ՝ գնումների ամբողջ համակարգը իրականացնում է Պաշտպանության նախարարությունը: Այսինքն՝ Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ունեմ՝ Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով»:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ընդգծել է, որ խոսքը միայն գնման գործընթացի մասին չէ, այլև նաև՝ դրա ապահովման.
«Ըստ էության, Զինված ուժերը պիտի զբաղվեն միայն այն գործով, որը վերապահված է նրանց՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ: Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը: Այլ խնդիրները պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության այլ վարչությունների կողմից, հիմնականում քաղաքացիական: Բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, պիտի պատվիրակվեն: Արդյունքում՝ Զինված ուժերի մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ իրենց առաքելությամբ զբաղվելու»: