Անհրաժեշտ է, որ Թուրքիան շարունակի իր հարաբերությունների կարգավորումը բոլոր անդամ պետությունների հետ․ այդ մասին ասված է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ Թուրքիայի վերաբերյալ հրապարակած տարեկան զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Զեկույցում ի թիվս Թուրքիայի՝ մի շարք երկրների հետ ունեցած հարաբերություններին՝ անդրադարձ է արվել նաև Հայաստանին ու Հայոց ցեղասպանությանը:
Եվրոպական խորհրդարանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչների նշանակման և երկու երկրների միջև թռիչքների վերսկսման հետ:
«Այս փորձը համարում ենք խիստ դրական զարգացում, որը դրականորեն է ազդում տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա: Խրախուսում ենք երկու կողմերին շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունները լիովին կարգավորելու նպատակով և կոչ ենք անում Եվրոպական միությանը ակտիվորեն աջակցել այս գործընթացին։ Խրախուսում ենք Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցումը՝ ներառյալ Հայոց ցեղասպանության վեճի լուծումը, և լիովին հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները: Հույս ենք հայտնում, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման դինամիկայի: ․․․Եւս մեկ անգամ խրախուսում ենք Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Եվրախորհրդարանի զեկույցի 42-րդ կետում։