Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. Պաշտպաններ - RadioVan.fm

Онлайн

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. Պաշտպաններ

2022-06-08 15:28 , Право, 1362

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. Պաշտպաններ

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյան տեղեկացնում են, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ։

Արամ Սիմոնյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։ Նրա նկատմամբ 2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ։

Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալ 2018 թվականից հետո, ցավոք սակայն, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։

Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում»։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտնել էր 2020-ի սեպտեմբերի 17-ին։

Մայր բուհը Հանրապետականի իշխանության տարիներին ղեկավարած Սիմոնյանը, ըստ իրավապահների, առանց ծառայությունների մատուցման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 34 մլն դրամ:

Այսօր հայտնի դարձավ, որ 67 տարեկանում սրտի կաթվածից կյանքից հեռացել է ԵՊՀ-ը 13 տարի ղեկավարած, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Лента

Рекомендуем посмотреть