10 մարդ է կալանավորվել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով․ Քննչականը՝ մեղադրանքների ու խափանման այլ միջոցների մասին - RadioVan.fm

Онлайн

10 մարդ է կալանավորվել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով․ Քննչականը՝ մեղադրանքների ու խափանման այլ միջոցների մասին

2022-06-08 15:22 , Право, 1076

10 մարդ է կալանավորվել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով․ Քննչականը՝ մեղադրանքների ու խափանման այլ միջոցների մասին

Երևանի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 2-րդ մասով։ Քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են նաև, որ 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ 1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրները հունիսի 3-ին, Ազգային ժողովում իրենց նախաձեռնած արտահերթ նիստի տապալումից հետո, Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաքից հետո շարժվել էին դեպի կառավարության շենք, երթ անցկացրել դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և շարժման մասնակիցների միջև։ Ոստիկանության ձևակերպմամբ՝ «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային ժողով:

Ոստիկանությունը հաղորդել էր, որ, հավաքի մասնակիցները, չենթարկվելով իրապահների օրինական պահանջներին, զանգվածային անկարգություններ են սկսել՝ «քարերով, մետաղե ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը»:

Նշվել էր, որ հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության, այն է՝ բացառապես լուսաձայնային հատուկ միջոցների կիրառման արդյունքում։ Ոստիկանություն միաժամանակ հայտնել է, որ հավաքի մասնակիցների վերոնշյյալ գործողությունների հետևանքով ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման անդամները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից պահանջում են համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։ Ընդդիմադիրների խոսքով՝ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Իսկ ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով։

Лента

Рекомендуем посмотреть