ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունում մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական չորրորդ այցը։
Փորձագիտական ծրագիրը, նշենք, մեկնարկել է 2020 թ․-ին։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանակ լիտվացի 5 մասնագետները եռօրյա այցի ընթացքում նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան մարմինների լավագույն փորձն ու իրավական կարգավորումները։
Ծրագրի հիմնական նպատակն է հայկական կողմին աջակցել Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի Հնարապետության (ՀՀ) միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ տրանսպորտի ոլորտին առնչվող դրույթների իրականացման և ԵՄ համապատասխան իրավակարգավորումներին մոտարկման ՀՀ հանձնառությանն ու ջանքերին։
«Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի կողմից: