«Տիկին Վիկտորինը, ի վերջո, պետք է կողմնորոշվի՝ ԵՄ-ն սատարում է ժողովրդավարությունը Հայաստանում, թե Նիկոլին ու իր աթոռը»․ «Դիմադրությունը» ԵՄ գրասենյակի առջև էր - RadioVan.fm

Онлайн

«Տիկին Վիկտորինը, ի վերջո, պետք է կողմնորոշվի՝ ԵՄ-ն սատարում է ժողովրդավարությունը Հայաստանում, թե Նիկոլին ու իր աթոռը»․ «Դիմադրությունը» ԵՄ գրասենյակի առջև էր

2022-06-07 12:40 , Политика, 1145

«Տիկին Վիկտորինը, ի վերջո, պետք է կողմնորոշվի՝ ԵՄ-ն սատարում է ժողովրդավարությունը Հայաստանում, թե Նիկոլին ու իր աթոռը»․ «Դիմադրությունը» ԵՄ գրասենյակի առջև էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման անդամներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) գրասենյակ՝ ակնկալելով հունիսի 3-ի իրադարձությունների վերաբերյալ դեսպան Անդրեա Վիկտորինի պատշաճ արձագանքը։

«Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ և ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ պարտավոր էին օժանդակել խաղաղ հավաքի անցկացմանը»,-դեսպանին հասցեագրված Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գրությունն է ընթերցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Գրությունում շեշտվում է, որ լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացվել է առանց նախնական զգուշացման, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներ։ Իսկ, ըստ ընդդիմադիրների, ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով։

«Իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքնե՞րը՝ Ժողովորդավարությունը, օրենքի գերակայությունը, թե՞ Նիկոլին ու և իր աթոռը։ Ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորներից Աննա Գրիգորյանը, ով երեկ ֆեյսբուքյան գրառմամբ իրենց համակիրներին այսօր, ժամը 10:00-ին, հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ՝ երթով շարժվելու դեպի ՀՀ-ում ԵՄ գրասենյակ:

«Տիկին Վիկտորինը ի վերջո պետք է կողմնորոշվի ԵՄ-ն սատարում է ժողովրդավարությունը Հայաստանում, թե Նիկոլին ու իր աթոռը»,-գրել էլ Գրիգորյանը:

«Դիմադրության» այսօրվա ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրները հունիսի 3-ին, Ազգային ժողովում իրենց նախաձեռնած արտահերթ նիստի տապալումից հետո, Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաքից հետո շարժվել էին դեպի կառավարության շենք, երթ անցկացրել դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ բախումներ էին տեղի ունեցել իրավապահների և շարժման մասնակիցների միջև։

Ոստիկանությունը նույն օրը ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ։

Հաջորդ օրը՝ հունիսի 4-ին տարածած պարզաբանմամբ՝ ոստիկանությունը ընդգծել էր, որ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Պարզաբանվել էր, որ «կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ, արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել, իսկ հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա»։

Իրավապահների փոխանցմամբ՝ վերոնշյալ դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում 13 անձ ձերբակալվել է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջազգային կառույցներն իրենց լռությամբ, երկակի ստանդարտներով նպաստում են, որպեսզի Նիկոլը մեր երկրում հաստատի բռնապետություն, որն իհարկե թույլ չենք տալու»,-այդ մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հավաքին հայտարարել էր ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանդիպումներ են պահանջելու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ, փաստերով ներկայացնելու են այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել, ու պահանջելու են դրանց տալ համապատասխան գնահատական։

Лента

Рекомендуем посмотреть