Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով 13 անձ է ձերբակալվել - RadioVan.fm

Онлайн

Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով 13 անձ է ձերբակալվել

2022-06-06 20:09 , Право, 1278

Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի բախումների գործով 13 անձ է ձերբակալվել

ՀՀ ոստիկանությունն այսօր տարածած հաղարդագրությամբ հայտնում է, որ հունիսի 3-ի զանգվածային անկարգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 13 անձ ձերբակալված է։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։ Արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են։ Այդ ընթացքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասսե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ, 13 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրները հունիսի 3-ին, Ազգային ժողովում իրենց նախաձեռնած արտահերթ նիստի տապալումից հետո, Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաքից հետո շարժվել էին դեպի կառավարության շենք, երթ անցկացրել դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և շարժման մասնակիցների միջև։

Ոստիկանությունը նույն օրը ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ։

Հաջորդ օրը՝ հունիսի 4-ին տարածած պարզաբանմամբ՝ ոստիկանությունը ընդգծել էր, որ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Պարզաբանվել էր, որ «կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ, արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել, իսկ հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա»։

Лента

Рекомендуем посмотреть