Արցախի Հանրապետության իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են վարում Արցախի ճանաչման շուրջ, սակայն այդ հարցով առաջընթաց դեռ չկա։
«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ կարելի է հաստատել՝ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական հարաբերություններ են՝ ինչպես հավասարը հավասարի հետ։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից հետո կարելի է քննարկել նաև Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը»,-ասել է Բեգլարյանը՝ նկատելով, որ այժմ Ադրբեջանն իրեն «ուժեղ է զգում»։
«Բացի այդ՝ Թուրքիան տրամադրում է ռազմաքաղաքական աջակցություն, և, այդ իսկ պատճառով, ԼՂՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն «աստիճանաբար, քայլ առ քայլ իրենց խնդիրները լուծելու համար՝ ապագայում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»։ Դրա համար Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղության»,-գործակալության հաղորդմամբ՝ ասել է Բեգլարյանը։