2022-ի հուլիսի 1-ից սկսած ռազմաուսումնական հաստատություններ դիմող յուրաքանչյուր սպա, ուսումն ավարտելուց և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակվելուց հետո բնակարան կստանա․ որոշումն այսօր ընդունվել է կառավարության հերթական նիստում՝ ուղարկվելով Ազգային ժողով՝ հաստատման։
Սպան չի կարող վաճառել այդ բնակարանը, քանի որ դրա սեփականության վկայականը կտրամադրվի ծառայության 20-ամյա պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
«20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադվի զինծառայողին, իսկ ծառայության ժամանակ նրա մահանալու կամ զոհվելու դեպքում, հատկացված բնակարանը, սեփականության իրավունքով, կտրամադրվի նրա ընտանիքի անդամներին»,- ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցմանը մանրամասնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ բնակարանի արժեքը սահմանված է հիփոթեքային վարկավորման համար դեռ 2019 թվականից, առավելագույն շեմը 28,5 միլիոն դրամ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ մինչև սեփականացնելը զինծառայողը կարող է հատկացված բնակարանում բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել:
«Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սպա դառնալու ծրագիր է»,-նկատել է նա՝ շեշտելով, որ վերահսկելու են կրթության ընթացքը՝ համոզված լինելու, որ ավատելուց հետո նրանք լավ սպա են՝ բոլոր գիտելիքներով, հմտություններով և կարողություններով։
Պապիկյանը հավելել է, որ պաշտպանության նախարարության համաֆինանսավորմամբ ներկայումս տարեկան ծառայության մեջ գտնվող սպաների համար 500 հիփոթեքային տեղ է հատկացվում։
Այս տարի դիմորդների ցուցանիշն, ըստ նախարարի, կրկնակի գերազանցում է կառավարության կողմից տրամադրվող տեղերի քանակը։