Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը․ Փաշինյանը՝ Արցախում արածների ու անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը․ Փաշինյանը՝ Արցախում արածների ու անելիքների մասին

2022-05-31 18:25 , Политика, 1095

Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը․ Փաշինյանը՝ Արցախում արածների ու անելիքների մասին

«2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ կառավարությունը Արցախում իրականացրել է136 մլրդ դրամի ծրագիր, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով, մի մասը՝ ուղիղ, մի մասը՝ Արցախի կառավարության միջոցով»,-տվյալներն այսօր, Ազգային ժողովի (ԱԺ) մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը, ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է արվել այդ գումարը հարցին՝ Փաշինյանը մանրամասնեց․

«Օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարում. 2021 թվականին Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ուզում եմ այստեղ ընդգծել, որ որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել. նկատի ունեմ, ենթադրենք, որևէ մեկը լրացուցիչ ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկայինը։ Բայց որոշակի կենսական նշաձողը Արցախի ամբողջ բնակչության համար՝ հոսանք, ջուր, գազ, նաև կապի ծառայությունները, վճարվել են։

Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով: Դա նշանակում է Ազգային ժողովի պատգամավորներից սկսած Արցախի կառավարությամբ վերջացրած, օրինակ, ուսուցիչներով և այլ պետական ծառայողներով, բոլորի բոլոր աշխատավարձերը 2021 թվականի ընթացքում վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Արցախի առողջապահության ծախսերը: Այսինքն՝ վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի վճարած հարկերի հաշվով։

Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի բնակչությանն աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով՝ անշարժ գույքի վնասի դեպքում, ուղղակի Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել մի քանի ամիս շարունակաբար՝ 108,000 մարդու 68 հազար դրամ + 15 հազար դրամ։ Այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է»:

ՀՀ վարչապետը, իր բնորոշմամբ՝ «հետաքրքիր ամփոփիչ» մեկ զուգահեռ է անցկացնել․

«2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել մինչ այդ, որից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել: 2021 թվականին Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով։ 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այս ծրագրերն Արցախում շարունակվում են, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ Հայաստանի Հանրապետությունից վճարել Արցախին: Դա նշանակում է, որ կրկին շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել և գումարած 20 մլրդ դրամ ենք հատկացնում. հիշում եք՝ մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ կհատկացնենք բնակարանաշինությանը, որից 20 մլրդ դրամը հատկացնում ենք 2022 թվականին։ Բացի այն ծախսերը, որ արել ենք, մեր հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են կենսաթոշակները և նպաստները, և սա նույնպես կարևոր արձանագրում է»։

Հայտնել էինք, որ 2021-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է գրանցված աշխատատեղերի աճին, հայտարարել առաջիկայում անխիկով բնակարան և ավտոմեքենա գնելու անհնարինության, 2024-ից ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մեխանիզմի ներդրման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть