Մայիսի 30-ից 31-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ քննարկվել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։ Վերլուծվել են կատարված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել առկա խնդիրների լուծման ուղիները։
Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով էլ այսօր հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։
«Հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։ Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները»,-մանրամասներ է հաղորդում պաշտպանական գերատեսչությունը՝ մեկ այլ հաղորդագրությամբ էլ հայտնելով, որ N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ` խմբերի կազմերով:
«Խաղարկվել են բարդ լեռնային պայմաններում պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: