Կառավարական 3-րդ շենքի մոտ «Դիմադրության» հավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կա 8 ձերբակալված․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Կառավարական 3-րդ շենքի մոտ «Դիմադրության» հավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կա 8 ձերբակալված․ ՔԿ

2022-05-31 17:22 , Право, 1155

Կառավարական 3-րդ շենքի մոտ «Դիմադրության» հավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կա 8 ձերբակալված․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ:

Քննչականի հաղորդմամբ՝ 2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ: Արդեն Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդ կերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ:

«Դրանից հետո, հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե իբրև հեռանում են նշված վայրից և շարունակում երթը Հանրապետության փողոցով դեպի Տիգրան Մեծ պողոտա, իսկ այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Սայաթ-Նովա պողոտայի հատման վայր: Այդ կերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը և հասնելով մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները, խմբերով, տարբեր ուղղություններով վազել և կրկին առաջացել են դեպի Կառավարական 3-րդ տուն, և չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ, սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով՝ նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել:

Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ»,-հայտնում են ՔԿ-ից՝ հավելելո, որ նախաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть