Արցախցի շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։
Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։
Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են»,-ասված է Գեղամ Ստեփանյանի ուղերձում։
Վերջին զանգի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ շրջանավարտներին հորդորելով հավատարիմ լինել դպրոցում ստացած պատգամներին, ամբարած գիտելիքները բազմապատկել և կիրառեք մեր հայրենի եզերքի հզորացման համար:
«Ցավոք, ձեր սերնդին փոխանցվեց դառը իրականություն ու անելիքների մի հսկայական շարք: Մենք՝ ավագներս, պատրաստ ենք միշտ ձեզ ձեռք մեկնել, արդեն ոչ միայն ծնող և ուսուցիչ, այլև որպես ընկեր ու գործընկեր: Ազնիվ ու համարձակ եղեք, առողջ ու երջանիկ ապրեք: Խաղաղության բերկրանքը գոնե դուք վայելեք: Հաջողությունը թո՛ղ ձեր մշտական ուղեկիցը լինի... Շնորհավորում եմ ու Տիրոջ օրհնությունն եմ խնդրում ձեզ համար»,-ուղերձում նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Հայտնել էինք, որ Արցախի հանրակրթական դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը։