«Պատանի ռենջերներ» ծրագրով դպրոցականները էկոկրթություն կստանան - RadioVan.fm

Онлайн

«Պատանի ռենջերներ» ծրագրով դպրոցականները էկոկրթություն կստանան

2018-01-10 14:46 , Образование, 3152

«Պատանի ռենջերներ» ծրագրով դպրոցականները էկոկրթություն կստանան

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), «Այբ» դպրոցը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը համատեղ սկսում են «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոկրթության զարգացմանը և դպրոցականների ներգրավմանը բնապահպանական միջոցառումներում։ Փորձնական ծրագրի տևողությունը լինելու է 6 ամիս։

Ինչպես տեղեկանում ենք Բնության համաշխարհային հիմնադրամի ինտերնետային պաշտոնական կայքից՝ Ծրագրի շրջանակներում «Այբ» դպրոցի աշակերտները կնպաստեն պահպանվող տարածքի էկոտուրիզմի զարգացմանը, պահպանության հզորացմանը, վայրի բնության մշտադիտարկմանը, բնապահպանական տեղեկացվածության ու կրթական մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի իրականացման որոշ փուլերում կներգրավվեն «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի հարակից Արենի և Խաչիկ համայնքների դպրոցականները, ինչն էլ իր հերթին կնպաստի համայնքների միջև համագործակցությանը և ընդհանուր նպատակների համատեղ իրականացմանը:

Մասնակիցները բաժանվելու են խմբերի, որոնք ծրագրի ամբողջ ընթացքում WWF-Հայաստանի, «Այբ» դպրոցի և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի մասնագետների հետ միասին նախագծելու և իրականացնելու են տարաբնույթ բնապահպանական միջոցառումներ։

Հայաստանում «Պատանի ռենջերների» պիլոտային ծրագրի հաջողության դեպքում էկոկրթության սույն մոդելը կարող է ներդրվել նաև ՀՀ բնության այլ հատուկ պահպանվող տարածքներում՝ որպես բնապահպանական կրթության գործիք, ինչը հատկապես կարևոր է հարակից համայնքների պատանիներին բնության պահպանությանը ներգրավելու տեսանկյունից։

«Պատանի ռենջերների» ծրագիրը հիմնադրել է Եվրոպայի պահպանվող տարածքների ֆեդերացիան՝ EUROPARC-ը, 2002թ.-ին։ Այն ներկայումս միավորում է ավելի քան 5000 պատանիների գրեթե ամբողջ Եվրոպայից, ինչպես նաև 80 պահպանվող տարածքներ Եվրամիության 19 երկրներում։

Лента

Рекомендуем посмотреть