«Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»․ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունը հիմնանորոգվում է - RadioVan.fm

Онлайн

«Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»․ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունը հիմնանորոգվում է

2022-05-27 16:27 , Общество, 1135

«Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»․ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունը հիմնանորոգվում է

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է, տարածքը բարեկարգվելու է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսից է անցկացվեու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Շինարարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Համլետ Կարապետյանի փոխանցմամբ՝ աստիճանները հանվել, նորից վերատեղադրվել են, դրանց հավասարեցման համար տակից բազալտի փոշի է լցվել։

«Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու: Երևի 4 ամիս անց կվերջացնենք աշխատանքները»,-նշել է Կարապետյանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է, հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

«Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին»,-շեշտում են քաղաքապետարանից:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը բացվել է 1981թ. տարեվերջին։ Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումն սկսել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, շատրվանը ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,-վերհիշել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նախագիծը հետագայում արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Лента

Рекомендуем посмотреть