Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
«Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։