ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ղազախստանի Հանրապետության (ՂՀ) դեսպան Բոլատ Իմանբաևին։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
«Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էր համագործակցության հնարավորությունները»,-հիշեցնում են նախարարությունից՝ նշելով, որ առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։
Սոնոսյան-Իմանբաև հանդիպմանը քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան- Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։
«Նախարարը բարձր է գնահատել թե միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե Ալմաթի-Երևան-Ալմաթիուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա»,-մանրամասնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի հավելումն նշելով, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։