Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Նշենք՝ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական 9 երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։
Առողջապահության նախարարությունը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Հիվանդության կանխարգելման նպատակով գերատեսչությունը օրեր առաջ տարածած հաղորդագրությամբ հորդորել էր խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ, կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից, կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։