Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, այսօր՝ մայիսի 26-ին, հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք՝ գերատեսչությունն ապրիլի 24-ի ուշ երեկոյան հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ․ նույն օրը պարզվել էր, որ զինծառայողը, անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: