Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիք, Գորիսի բուժկենտրոնին նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիք, Գորիսի բուժկենտրոնին նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք

2022-05-25 19:05 , Политика, 816

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիք, Գորիսի բուժկենտրոնին նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք

Եվրոպայի օրվա շրջանակում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր՝ մայիսի 25-ին, այցելել է Գորիսի բժշկական կենտրոն և նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք՝ որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։

Ռենտգենյան նոր սարքավորումը հեշտացնում է հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում կլինիկական որոշումների կայացումը:

ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրի շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է 1 էլեկտրասրտագրման ապարատով և 3 թթվածնի կոնցենտրատորներով, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։

ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ՝ միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերը Գորիսում այցելել են նաև պատվաստման վայր, որտեղ հանդիպել են 65+ մարդկանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։

Գորիսում անցկացվող 2022թ․ Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է նաև Գորիսի մամուլի ակումբ, որտեղ մեկնարկել է երիտասարդների համար ինտենսիվ վիդեոբլոգինգի դասընթաց։ Այն «Մեդիագրագիտության սուրհանդակները՝ մարզերում» ծրագրի մաս է, որը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։

1-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են բովանդակության ստեղծելու և առաջմղման հիմնական սկզբունքներին՝ պատմություններ և թեմաներ գտնելուց մինչև լսարանին ներգրավելը և առցանց համայնքներ կառուցելը: Նրանք նաև գործնական աշխատանք կատարելու և կարճ տեսանյութեր պատրաստելու հնարավորություն կունենան։

Лента

Рекомендуем посмотреть