«Կարծես թե տնտեսական տրամադրությունը վատ չէ․ ունենք ՀՆԱ-ի 8.6% իրական աճ, հավելյալ 574 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը - RadioVan.fm

Онлайн

«Կարծես թե տնտեսական տրամադրությունը վատ չէ․ ունենք ՀՆԱ-ի 8.6% իրական աճ, հավելյալ 574 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը

2022-05-25 19:03 , Политика, 910

«Կարծես թե տնտեսական տրամադրությունը վատ չէ․ ունենք ՀՆԱ-ի 8.6% իրական աճ, հավելյալ 574 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվեցին ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է երեք տարի առաջ և այս ընթացքում կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել նրա հետ:

«Բայց պետք է ընդգծենք, որ շատ են նաև հոռետեսները, քննադատները, և շատ կաևոր են այսպիսի միջոցառումները, որպեսզի լինի հաշվետվողականություն, թե ինչ է կատարվել այս ընթացքում:

Ուզում եմ ասել նաև, թե ինչն էր պատճառը, որ մենք, այնուամենայնիվ, հիմնադրամը ստեղծելու որոշում կայացրեցինք: Որովհետև և՛ պետական կառավարման համակարգում, և՛ տնտեսության մեջ տեսնում ենք, որ ամենակարևորն է ունենալ վճռականություն՝ իներցիաները հաղթահարելու համար: Որովհետև եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան և դրանով ընդամենը վիճակագրություն վարել: Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այն նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն, նոր տրամադրություն բերել: Ես հույս ունեմ, որ մենք արդեն մոտեցել ենք այն գծին, որից հետո պիտի տեսնենք արդյունքներ»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը։

Օգտվելով առիթից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժամանակին կայացրած մի քանի որոշումների ազդեցությանը տնտեսության վրա:

«Օրինակ, 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում համահարթ եկամտային հարկ ներդնելու մասին քաղաքական որոշում կայացրեցինք: Հիշո՞ւմ եք այն ժամանակ էլ շատ էր քննադատությունը, շատ էր հոռետեսությունը, բայց պիտի ասեմ, որ, օրինակ, ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր արդյունքին՝ վարչապետը հավելել է.

«Մենք այն ժամանակ քննարկում էինք, շատ ընդունված էր, մեզ նաև զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել: Սա շատ կարևոր է՝ ցույց տալու համար, թե ինչու է պետք հաղթահարել իներցիան, ինչու է պետք ստանդարտներից դուրս գալ: Կան օրինակներ, որ այլ երկրներում կիրառվել են և մեզ պետք է շատ ուշադիր լինել ու տեղայնացման իմաստով ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որովհետև բարեբախտաբար աշխարհում կան փորձարկված տարբեր տնտեսական զարգացման մոդելներ: Իհարկե, պետք է ուշադիր լինել, բայց մյուս կողմից էլ սեփական ձեռագիրը մտցնել այդ գործընթացի մեջ:

Ի հեճուկս ամեն ինչի, կարծես թե մեր երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն: Սա ցույց է տալիս, որ որոշակի տրամադրություն կա: Առաջիկայում սպասում ենք Հայաստանի կառավարության, այսինքն՝ ի դեմս ԱՆԻՖ-ի հիմնադրված նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին, մի շարք հետաքրքիր ներդրումային այլ ծրագրերի: Հույս ունենք, որ ԱՆԻՖ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի ու ավելի տեսանելի կլինի, իհարկե, դրական և լուսավոր ցուցանիշներով»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից:

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

• Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի կառուցումը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

• Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

Лента

Рекомендуем посмотреть