Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակում կայացած հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։