ՀՀ ազգային ժողովը (ԱԺ) երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել կանխիկ եղանակով խաղադրույքների իրականացումը:
Օրինագծի համահեղինակներից Գևորգ Պապոյանի խոսքով՝ իշխանության համար շատ կարևոր խնդիր է խաղամոլության դեմ պայքարը, որի համար տարբեր գործիքներ են կիրառելու։
«Այս օրենսդրական նախաձեռնությունը հերթական քայլերից մեկն է խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք: Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում»,-ասել է Պապոյանը՝ նշելով, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում:
Պատգամավորը հավելել է, որ հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվներից բանկային քարտերի միջոցով․ «Այսինքն՝ մենք անցնում ենք 100%-անոց անկանխիկ խաղադրույքի քաղաքականության»։