ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդի հերթական նիստն են անցկացրել` Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:
«Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում: