ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներն ու համակիրները այսօրվա անհնազանդության ակցիաները սկսել են պետական գերատեսչությունների շենքերի մուտքերը շրջափակելով։ Նրանք, մասնավորապես, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են արտաքինն գործերի նախարարության (ԱԳՆ) շենք, շրջափակել գերատեսչության մուտքերը։
Ոստիկանության ծառայողները փորձել են արգելել երթի մասնակիցներին մոտենալ ԱԳ նախարարության շենքին, սակայն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատը։
Շենքին հասնելուն պես՝ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ այդ կառույցը այլևս չի սպասարկում հայրենիքի շահերը։
Հիշեցնենք՝ նախօրեին Սաղաթելյանը քաղաքացիներին այսօր առավոտյան ժամը 8-ին հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ միասին կարևոր անելիք ունեն, իսկ երեկոյան՝ ժամը 19:00-ին, հանրահավաքը կմեկնարկի այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ։
«Դիմադրության» այսօրվա ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ «Դիմադրություն»-ը երեկ հայտարարություն էր տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ ընդգծելով, որ «դրանք ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով»:
Ընդդիմության դիտարկմամբ՝ ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում:
«Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն»,-ընդգծել է վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը, և, արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը, վերահաստատել՝ «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առոչինչ են»։