ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին:
Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջը՝ Զուրաբ Ազարաշվիլիի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը:
Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Ավանեսյանը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային 75-րդ՝ ամենամյա վեհաժողովը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), միջազգային, հասարակական կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ:
Վեհաժողովի ընթացքում կայացել են ԱՀԿ Գլխավոր տնօրենի, վեհաժողովի նախագահի և 5 փոխնախագահների, 2 հիմնական կոմիտեների նախագահողների ընտրությունները, նաև հաստատվել է վեհաժողովի 29-րդ Գլխավոր կոմիտեի կազմը։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի գլխավոր կոմիտեն (ԳԿ) բաղկացած է 25 անդամից, ներառյալ` նախագահը, փոխնախագահները և հիմնական կոմիտեների նախագահողները:
ԳԿ-ում եվրոպական տարածաշրջանին հատկացված է ևս 5 տեղ, որոնցից մեկի համար Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ (https://www.moh.am/#1/5362)։
Միաժամանակ, վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության Գործադիր խորհրդի ընտրությունները՝ տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:
Հավելենք, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և Ուկրաինան։