Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Դրանցից մեկն առաջիկայում կհանձնվի շահագործման:
Եվրոպական ներդրումային բանկի հետ այժմ բանակցություններ են տարվում ծրագրի երկրորդ փուլում նաև պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: Կարևորելով պոլիկլինիկաներում հարմարավետ պայմանների ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների գործընթաց:
«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց, այնուամենայնիվ, մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե, ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,-ընդգծել է քաղաքապետը: