ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Միշելը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Միշելը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին

2022-05-23 11:21 , Политика, 1272

ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Միշելը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին

Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը, որի շրջանակում կքննարկվեն հարցեր՝ սահմանի սահմանազատման, ինչպես նաև կայունության ապահովման վերաբերյալ:

Այդ մասին ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում:

«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա։

Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք վերանայել ենք հարցերի մի ամբողջ փաթեթ: Մենք մանրամասն քննարկել ենք մարդասիրական հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերի վերաբերյալ:

Մենք հասել ենք հետևյալ արդյունքների.

Սահմանային հարցեր

Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դրա շրջանակում կքննարկվեն հարցեր` սահմանի սահմանազատման և կայունության պահպանման վերաբերյալ:

Հաղորդակցությունների ապաշրջափակում

Ղեկավարները համակարծիք են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության հարցում։ Նրանք համաձայնեցրել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ:

Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը։

Խաղաղության համաձայնագիր

Ղեկավարները պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ ԱԳ նախարարների գլխավորած խմբերը առաջիկա շաբաթների ընթացքում առաջ կմղեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու, ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի, որ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը:

Սոցիալ-տնտեսական զարգացում

Եվրամիությունը երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է զարգացնել տնտեսական զարգացումը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Ես նաև շեշտեցի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը:

Մենք պայմանավորվեցինք շարունակել սերտ շփումները և նույն ձևաչափով կհանդիպենք հուլիսին կամ օգոստոսին»,-մասնավորապես ասված է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть