ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր՝ մայիսի 20-ին, ընդունել է Լիտվայի Հանրապետության (ԼՀ) տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ Յուլիուս Սկաչկաուսկասի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԼՀ նախագահի տնտեսական և սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդական Վայդաս Օգուստինավիչիուսը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը։
Նախարարությունից հայտնում են, որ Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին, կարևորել տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների միջև եղած խորը համագործակցային կապերը և շնորհակալություն է հայտնել ոլորտում ցուցաբերած մեծ աջակցության համար։
Խոսելով հունիս ամսին լիտվացի փորձագետների՝ Հայաստան ժամանման մասին՝ Սիմոնյանը նշել է․
«Վերջին տարիներին երկու երկրների փորձագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը խթան է հանդիսացել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային ոլորտների առաջխաղացման համար»:
Յուլիուս Սկաչկաուսկասը, անդրադառնալով Լիտվա-Հայաստան և հակառակ ուղղություններով չվերթերին, առաջարկել է քայլեր ձեռնարկել չվերթների ավելացման համար, որին ի պատասխան՝ Սիմոնյանը շեշտել է, որ հարցը վերաբերում է բիզնես ոլորտին, և շահառուների պահանջարկից է ձևավորվում առաջարկ, ուստի հաշվի առնելով եղանակային տաքացումները՝ չվերթների թիվը կունենա բնականոն աճ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հյուսիս-հարավ ճանապարհին, Հայաստանի տարածքով Հնդկաստանից դեպի Եվրոպա և հակառակը իրականացվող բեռնափոխադրումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։