«Ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին»,-Երևանում կազմակերպված «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է Հայաստանի Հանրապետությունը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,
«Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին ասելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Կարծում եմ, որ այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Եվ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:
Ինչո՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Կարծում եմ՝ մի շատ էական հանգամանքով. ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա և հետևաբար՝ ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում, որովհետև ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար:
Հետևաբար՝ ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատ մեծ ցնցումների միջով անցավ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Չգիտեմ, թե ինչքանով է դա մտնում այսօրվա միջոցառման արարողակարգի մեջ, բայց քանի որ համաժողովը կոչվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում», կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է:
Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և այն ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս առումով, ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Ընդհանրապես՝ կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո՝ երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին: Շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված:
Ընդհանրապես, երբ վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Իմիջայլոց՝ այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է:
Ես պիտի այսօր նաև հրապարակային ասեմ հետևյալը. գիտեք, այսօր մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին, և այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք ամենատարբեր ժամանակներում, գուցե իրարից անկախ, գուցե իրարից անջատ, երբեմն միասին, պայքարել ենք ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար: Եվ մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել այն: Բայց ուզում եմ արձանագրել. հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև կարծում եմ՝ մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է:
Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետն ու տեսլականը: Բայց կրկին կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը, և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում՝ ուղիղ իրար աչքերի մեջ նայելով, և ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ:
Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև այն վերցնելու և կրելու պատրաստակամություն ու պատասխանատություն»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայ պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներից բացի ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Նշենք՝ ֆորումին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա էր անցկացնում «Դիմադրություն» շարժումը։