«Ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել»,-այդ մասին այսօր Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցած Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանին իր ելույթում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնելով 44-օրյա պատերազմի մասին՝ արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ ու պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և որ պատրաստ են խաղաղության:
«Մենք երկու տարի առաջ զգացինք բազմակողմանիության խափանումը և միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:
Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:
Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչու՞ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է:
Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։
Եվ, հարգելի՛ գործընկերներ, քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է:
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն, մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում»,-իր ելույթում ասել է Հայաստանի արտգործնախարարը: