Գրիգորյան-Կոպիրկին հանդիպմանը ընդգծվել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում - RadioVan.fm

Онлайн

Գրիգորյան-Կոպիրկին հանդիպմանը ընդգծվել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում

2022-05-20 12:19 , Политика, 911

Գրիգորյան-Կոպիրկին հանդիպմանը ընդգծվել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ մայիսի 20-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:

Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։

Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։

Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։

Лента

Рекомендуем посмотреть