Բրեմենի Յակոբսի համալսարանը (JUB), որում այս պահին աշխարհի ավելի քան 100 երկրից 1000-ից ավել ուսանող է սովորում, Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի (SIT) հետ համատեղ Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է հարստացված մագիստրոսական ծրագիր՝ համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտում (MSc CSSE)։
Թեև բակալավրի ծրագրով ներկա պահին այդ հաստատություններում կրթություն է ստանում 2 հայ ուսանող, 8-ն էլ արդեն ավարտել են և աշխատում են, կրթական այդ հաստատություններն այս փուլում պլանավորում են լայն համագործակցություն ունենալ Հայաստանի հետ․ այդ մասին Երևանում այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց SIT-ի PR-ի, հաղորդակցության և միջոցառումների տնօրեն Բոյանա Միլոշևիչը։
Նպատակն է՝ արձագանքնել տեխնոլոգիաների, գիտության և բիզնեսի ոլորտում ամենապահանջված աշխատատեղերին։
Միլոշևիչի փոխանցմամբ՝ Համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագիրը ուսանելու 2 վայր է առաջարկում․ Շաֆհաուզենը Շվեյցարիայում և Բրեմենը՝ Գրեմանիայում։ Ծրագրի համար երկու հաստատություններն առաջարկում են կրթաթոշակներ և ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ ընդունելություն։ Մրցակցությունը լավագույնս հաղթահարած 15 դիմորդի ծախսերը կփոխհատուցվեն ամբողջովին, իսկ մյուսները ընթացքում տարատեսակ աջակցության հնարավորություններ կունենան։
Մագիստրոսական ծրագրի արժեքը տարեկան 20 000 եվրո է: Կրթաթոշակի չափը տատանվում է 4 000-12 000 եվրոյի սահմաններում: Այս կրթաթոշակների համար դիտարկվում են բոլոր հայտատուները՝ հիմնված իրենց միջին ակադեմիական գնահատականի վրա (GPA):
SIT-ի ներկայացուցչի խոսքով՝ սովորողներն ավարտելուց հետո հնարավորություն ունեն աշխատելու այնպիսի առաջատար ընկերություններում, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, Facebook-ը, ինչպես նաև Deloitte, McKinsey, Accenture խորհրդակցական կազմակերպություններում։
Ի դեպ՝ SIT-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան ամենաերիտասարդ մրցանակակիր Կոստյա Նովոսելովը, Գերմանիայի արհեստական բանականության հետազոտության կենտրոնի գործադիր տնօրեն և գիտական ղեկավար Վոլֆգանգ Վասթերը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Միխիայիլ Լուկինը, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Մարկ Քամլետը, որոնց հետ, ըստ Բոյանա Միլոշևիչի, ուսանողները շփվելու հնարավորություն են ունենալու։
SIT-ը համագործակցում է աշխարհի հայտնի համալսարանների, հետազոտական կենտրոնների, բիզնես կազմակերպությունների հետ, որոնցում ուսանողները կարող են գործնական պարապմունքներ ունենալ, և, հաջողության դեպքում, աշխատանքի անցնել։
Բոյանա Միլոշևիչը նաև թվարկեց այն 7 հիմնական տարբերությունները, որոնցով Բրեմենի Յակոբսի համալսարանը և Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը առանձնանում են գործող այլ բուհերից։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Ռադիո Վան»-ի հարցին, թե, ինչու՞ պետք է հայաստանցի ուսանողին հետաքրքրի մագիստրոսական վերոնշյալ ծրագիրը՝ SIT-ի PR-ի, հաղորդակցության և միջոցառումների տնօրեն Բոյանա Միլոշևիչը, որպես առավելություն, թվարկեց 3 կարևոր բաղադրիչները՝ սովորեցնում են՝ տեխնիկական հմտություններ, առաջնորդի հմտություններ, և կառավարման հմտություններ։
«Եթե դուք հետաքրքրված եք թվային ոլորտով ու ուզում եք լինել ինժեներ և առաջնորդ այդ ոլորտում՝ մենք ձեզ կսովորեցնենք առաջնորդի հմտությունները և տեխնիկական թիմին առաջնորդելու հմտությունները»,-ասաց Միլոշևիչը։
Այդ և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
Հավելենք՝ մագիստրոսական ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 1-ն է, իսկ վիզայի կարիք չունեցողների համար՝ հուլիսի 15-ը: Ծրագրի մանրամասներին, ինչպես նաև դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան